Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում անցկացվելու են պատմամշակութային միջոցառումներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙՍեփականատերը լուրջ ներդրումներ է կատարել: Մարզահամերգային համալիրի վաճառքի ողջ գործընթացը և վերջինիս արդիականացման ներդրումային ծրագիրը վերահսկողության տակ է գտնվում: Մենք դրան հետևելու հնարավորություն կունենանք՚,- ընդգծել է Օհանյանը: Նրա կարծիքով, համալիրի վաճառքից հետո մշակութային միջոցառումներն ավելի բարձր մակարդակով կանցկացվեն: ՙՄենք պետք է պատշաճ տեսք հաղորդենք Մարզահամերգային համալիրին՚,- հայտարարել է նա: Օհանյանը նաև վտանգավոր չի համարում համալիրը մասնավոր ընկերությանը վաճառելը: ՙՀամալիրը գտնվում է Հայաստանի տարածքում: Չեմ կարծում, որ այն թևեր կառնի ու կթռնի Հայաստանից՚,- ասել է նա:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուղղակի վաճառքի ձևով օտարվել է ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ ՍՊԸ-ին` 30 մլն ԱՄն դոլարի դիմաց: Համապատասխան որոշում է կայացվել օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության նիստում: Կառավարությունը միաժամանակ հավանություն է տվել ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի ներդրումային ծրագրին: Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4 տարվա ընթացքում` ներդնելով 100 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են արտասահմանից:
Մարզահամերգային համալիրը բացվել էր 1983 թվականին, սակայն մեկուկես տարի անց խոշոր հրդեհի հետևանքով փակվել էր մինչև վերանորոգման ավարտը` ընդհուպ 1987 թիվը: 1999 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ դարձավ նաև ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՄՀՀ կոչվեց նրա անունով: 2005 թվականի հոկտեմբերի 9-ին համալիրը 5,7 մլն ռուսական ռուբլով վաճառվեց ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել էր այն վերակառուցել, ինչը տևեց շուրջ երեք տարի և արժեցավ 42 մլն դոլար: Հետագայում համալիրը պարտքեր կուտակեց, ինչի արդյունքում սնանկ ճանաչվեց: ՄՀՀ գույքային համալիրը վերադարձվեց պետությանը` ի դեմս Պաշտպանության նախարարության: