Արմինֆո. Քաղաքապետարանը պատրաստ է վարորդների հետ քննարկումների, բայց՝ ոչ նման պայմաններում ։ Այդ մասին դեկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
"Մենք կարող ենք քննարկել առկա խնդիրները, բայց՝ ոչ այս պայմաններում, երբ մեզ և մեր քաղաքացիների հետ խոսում են նման գործիքակազմ օգտագործելով", - ասել է նա:
Ընդ որում, Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ եթե մի խումբ վարորդներ որոշեին իրենց խնդիրներն ուղղակիորեն քննարկել քաղաքային իշխանության, այլ ոչ թե իրենց ղեկավարության հետ, եւ դրա համար հանգստյան օր ընտրեին, քանի որ նրանք հերթափոխային աշխատանքային գրաֆիկ ունեն, ապա երկխոսությունը տեղի կունենար, եւ լուծումներ կգտնվեին: Նա նշել է, որ կարևոր է խոսակցության ձևը և դրա համար ստեղծված միջավայրը:
"Նման պայմաններում նպատակահարմար չեմ համարում խոսել աշխատավարձերի բարձրացման մասին",-նշել է փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի վարորդները դեկտեմբերի 3-ի վաղ առավոտից հրաժարվել են դուրս գալ երթուղիներ ՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները: Այդ իսկ պատճառով հազարավոր երևանցիներ հայտնվել են դժվար կացության մեջ: Իրավիճակը սրվել է տրանսպորտի բացակայությամբ և տաքսիների գների աճով։ Միաժամանակ քաղաքապետարանում խնդրի ավելի լավ լուծում չեն գտել, քան վարորդներին աշխատանքից ազատելն ու սպառնալը։ Ինչպես հաղորդել է "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գործադուլի հետեւանքով արդեն աշխատանքից ազատվել է 40 վարորդ: