Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈՒ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ - գնդապետ Յաշար Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով ԱՀ ՊՆ, նախարարն ընդգծել է, որ ռազմական ոլորտում երկու եղբայրական երկրների միջև համագործակցությունը զարգանում է, ինչպես նաև՝ մյուս ոլորտներում: Ընդ որում, Հասանովն ընդգծել է ադրբեջանաթուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարևորությունը:
Թուրքական պատվիրակությունը տեղեկացվել է Արցախի դեմ ագրեսիայից հետո բանակաշինության ոլորտում հաջող բարեփոխումների մասին։
Ընդգծվել է, որ համատեղ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն փորձի փոխանակման տեսանկյունից: Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այնուհետև թուրքական պատվիրակության հետ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը: Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ուշադրությունը սևեռվել է նման հանդիպումների անհրաժեշտության վրա՝ երկրների միջև ռազմական համագործակցության հետագա ընդլայնման համար: Կարևորվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացումը՝ երկու եղբայրական երկրների զինծառայողների պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման նպատակով:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: