Արմինֆո. Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի՝ քրեական հետապնդման սպառնալիքներից հետո վարորդներին ահաբեկելու գործին ձեռնամուխ է եղել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Իր Ֆեյսբուքյան էջում Ավինյանը, փոխանակ փորձելու փոխզիջման ճանապարհներով լուծել ստեղծված իրավիճակը, հայտարարել է. «Ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։ Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։
Սակայն Ավինյանի ֆեյսբուքյան այդ գրառումը հիացմունք չի առաջացրել երկրի շարքային քաղաքացիների շրջանում։ Գրառման տակ մարդիկ քննադատել են քաղաքապետարանի վարած քաղաքականությունը, պահանջել լուծել վարորդների խնդիրը, հրաժարվել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման ծրագրերից, և Երևանում կոլապսի ողջ մեղքը բարդել են Ավինյանի վրա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կադրերի պակասի պայմաններում Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է գործադուլին մասնակցող 18 վարորդների։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, վարորդները գործադուլ էին կազմակերպել ոչ պատշաճ աշխատանքային պայմանների և աշխատավարձի քաղաքականության պատճառով: Լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ քաղաքապետարանը խոստացել է բարձրացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները, ինչպես նաև լուծել անհարմարություն առաջացնող բազմաթիվ այլ խնդիրներ: "Երբ տեսնում եք, թե ինչպես է գեղեցիկ ու մաքուր ավտոբուսը վաղ առավոտից դուրս գալիս քաղաք, դա պատահական չէ։ Մենք, բացի վարորդի պարտականությունները կատարելուց, զբաղվում ենք բազմաթիվ այլ գործերով։ Ինչո՞վ են եվրոպացիները մեզանից լավը",- դժգոհել են վարորդները։
Միաժամանակ, արձագանքելով քաղաքապետարանի դիտարկմանը, որ պետք է մեկ ամիս առաջ նախազգուշացնել գործադուլների մասին, վարորդներից մեկը հայտարարել է, որ իրենք "պատգամավոր չեն ընտրում", որպեսզի նախապես տեղեկացնեն այդ մասին: Լրագրողների հետ զրույցում վարորդները նաև նշել են, որ հասարակության շրջանում թյուր կարծիք կա, թե իրենք հսկայական աշխատավարձեր են ստանում: Նրանք հավելել են, որ Երեւանի բնակիչները բողոքում են նաեւ տրանսպորտի տեւական սպասումից, որը հասնում է մինչեւ 40 րոպե, մինչդեռ, ավտոբուսների համար հատկացված գոտիները հաճախ արգելափակված են կայանված մեքենաներով:
"Կան վայրեր, որտեղ մենք, նույնիսկ, չենք կարող անցնել։ Քաղաքապետարանը պետք է ուշադրություն դարձնի ավտոբուսի գծի երկայնքով կայանված մեքենաներին", - պարզաբանել է վարորդներից մեկը։
Վարորդները նաև բարձրացրել են հարյուր դրամ մետաղադրամների բացակայության հարցը, հայտարարելով, որ այժմ ուղևորներ են ընդունում, նույնիսկ, առանց դրանց, քանի որ նրանց թվում կարող են լինել երեխաներ և տարեցներ, որոնց չեն կարող ներս չթողնել QR կոդի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի վարորդները դեկտեմբերի 3-ի վաղ առավոտից հրաժարվել էին դուրս գալ երթուղիներ ՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները: Հազարավոր երևանցիներ հայտնվել են դժվար կացության մեջ, ստիպված են ժամերով սպասել հազվագյուտ երթուղային ավտոբուսներին, որոնք չեն միացել գործադուլին: Իրավիճակը սրվել է տրանսպորտի բացակայությամբ և տաքսիների գների աճով ։ Ընդ որում ՝ քաղաքապետարանում խնդրի ավելի լավ լուծում չեն գտել, քան վարորդներին աշխատանքից ազատելն ու սպառնալը։