Արմինֆո. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձը Պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին հաղորդում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տևական ժամանակ գտնվում են հացադուլի մեջ։
ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկություններ ստանալով հացադուլի ընթացքում նրանց առողջական վիճակի, ինչպես նաև հացադուլի պատճառների վերաբերյալ՝ բարձրացված խնդիրները քննարկել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ։
Քննարկման արդյունքում հացադուլ հայտարարած անձինք կրկին անցել են բժշկական հետազոտություն և ստացել մասնագիտական խորհրդատվություն, որի արդյունքում նրանցից մեկը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր ՝ դեկտեմբերի 2-ին, հայկական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ "Արմավիր" ՔԿՀ-ի կալանավորներն արդեն 25 օր է հացադուլ են անում ՝ իրենց անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու պատճառով։ Նրանց միակ պահանջը առողջական լուրջ խնդիրների պատճառով բուժհաստատություն տեղափոխելն է։ Կալանավորները բողոքել են, որ իրենց թողել են ճակատագրի քմահաճույքին, և եթե չկան ընկերներ կամ ազդեցիկ ծանոթներ, ապա, եթե անգամ բանտում "փտեն", ոչ ոք իրենց պատշաճ բուժօգնություն չի տրամադրի:
Փաստորեն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունից ստացվում է, որ առաջին իսկ օրերից Անահիտ Մանասյանը ծանոթ է եղել ՔԿՀ-ում այդ անմխիթար իրավիճակին, բայց քանի դեռ ԶԼՄ-ները չեն բարձրաձայնել խնդրի մասին, նա քար լռություն է պահպանել: Եվ դա՝ փոխանակ, որպես մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ, ամեն ինչ անի, որպեսզի այդ խնդիրը կարճ ժամանակում լուծվի ՝ հրապարակայնացնելով այն ։