Արմինֆո. Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած "Հանրապետություն" կուսակցությունը Վրաստանի իշխանություններին մեղադրել է խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար։ Այդ մասին ասված է ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ:
«Ներքաղաքական համերաշխության միակ տարբերակը արդար ընտրություններն են։ Վրացական իշխանությունները կեղծել են ընտրությունները, որ անընդունելի է ինչպես քաղաքակիրթ աշխարհի և իրական ժողովրդավարության կողմնակիցների, այնպես էլ առաջադեմ աշխարհի առավելությունները տեսած վրաց ժողովրդի համար, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ում ու պատրաստ է պայքարել իր ապագայի համար։ 《Հանրապետություն》 կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում ժողովրդավարության և ինքնիշխանության համար պայքարող ուկրաինացի, մոլդովացի և վրաց ժողովուրդներին», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ "Հանրապետություն" կուսակցությունը Երևանի ավագանիում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության դաշնակիցն է:
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրում կրկնական ընտրություններ չեն անցկացվի: Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելու կոչ էր արել Եվրախորհրդարանը։ Նոյեմբերի 28-ին ընդունած բանաձեւում եվրոպական մարմինը "մերժում է խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում եւ կոչ է անում մեկ տարվա ընթացքում կրկնական քվեարկություն անցկացնել ընտրությունների բարելավված պայմաններում":
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է կառավարող "Վրացական երազանք" կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը: Դրանից հետո Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը կասեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները՝ մինչև 2028 թվականը: