Արմինֆո. ՀՅԴ Բյուրոն տարածել է հայտարարություն է՝ որում կարևորել է Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովումը և առօրյա կյանքի համար տանելի պայմանների ստեղծումը Սիրիայի տարածքում:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության և ուշադրության հիմնական առանցքում է հատկապես Հալեպի և, ընդհանրապես, Սիրիայի տարածքի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելը։ Այս նպատակով ՀՅԴ Բյուրոն մշտապես կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք առավելագույնն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։ Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում վիճակը մշտապես փոփոխվող է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձևի օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։ Հաջորդ օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին», - ասվում է հայտարարությունում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, հղում անելով Սիրիայի Պաշտպանության նախարարությանը, Սիրիայի կառավարական բանակն անցած շաբաթվա վերջին մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք գրոհել են Հալեպի և Իդլիբի նահանգները: Խախտելով ապաէսկալացման շուրջ համաձայնագիրը՝ "Հայաթ Թահրիր աշ-Շամ" (նախկին անվանումը ՝ "Ջեբհաթ ան-Նուսրա") ահաբեկչական կազմակերպության խմբավորումները Հալեպի և Իդլիբի նահանգների լայն ճակատում հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: ՍԱՀ ռազմական գերատեսչության տվյալներով ՝ բանակն արձագանքել է հարձակմանը, ինչի հետևանքով ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել: Շաբաթ օրը Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ մի քանի տասնյակ սիրիացի զինվորականներ են զոհվել Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ընթացքում, բանակը վերատեղակայում է իրականացրել՝ խաղաղ բնակիչների և զինվորների կյանքերը պահպանելու և հակահարձակման նախապատրաստվելու նպատակով: Սիրիական բանակը հաղորդել է, որ ահաբեկիչները ներթափանցել են Սիրիայի Հալեպ քաղաքի շատ շրջաններ, Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել նրանց դիրքերին և սպասում են օգնական ուժերի ժամանմանը: