Արմինֆո.«Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
«Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։
Մենք հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում», - գրել է Քրիստինե Վարդանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Սեպտեմբերի 10-ին խորհրդարանում "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության մի շարք պատգամավորների թույլատրվել է ծանոթանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի 7-րդ եւ 8-րդ խմբագրություններին, սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանում աղմուկ է բարձրացել, որ "ընդդիմադիր ռեւանշիստներին թույլ են տվել ծանոթանալ այդ տեղեկատվությանը", իրենց արգելել են դա անել: Պատգամավոր Գեղամ Մանուկյանն, իր հերթին, հնարավոր է համարել, որ հասանելիությունը մերժվել է այն պատճառով, որ ընդդիմությունը նշել է ՀՀ-ի համար վիճահարույց մի շարք կետեր, մասնավորապես, Հայաստանի սահմանադրության նախաբանից Անկախության մասին հռչակագրի հղումը հանելու Բաքվի պահանջը:
"Արգելել եմ, լավ եմ արել", - հոկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե ինչ հիմքով է խորհրդարանականներին արգելվել ծանոթանալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեքստին: Փաշինյանի խոսքով՝ ինքն իր անձնական որոշմամբ խորհրդարանականների համար բացել է փաստաթղթի հասանելիությունը։ Սակայն սոցցանցում պատգամավորների տարբեր գրառումներից, "անձնական, քաղաքական նպատակներով" տեղեկատվության օգտագործումից հետո որոշել է արգելել հասանելիությւոնը։ Այդ որոշման իրավական հիմքը, Փաշինյանի ասելով, այն է, որ ինքը ՀՀ վարչապետն է ։ "Այո, այս երկրում շատ բան է կատարվում՝ համաձայն իմ որոշման, միայն այն պատճառով, որ ես այս երկրի վարչապետն եմ", - եզրափակել էր Նիկոլ Փաշինյանը: