Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ուշադրության կենտրոնում եղել է Սիրիան: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների ցանկացած զարգացման, որը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, և այդ համատեքստում կողմ է լարվածության նվազեցմանը: "Նա հայտարարել է, որ ռեժիմի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղություն և հանգստություն հաստատելու համար։ Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործունեություն իր և Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ", - հաղորդել է աղբյուրը։
Դիվանագիտական աղբյուրը հաղորդել է, որ "հեռաախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Հարավային Կովկասի, ինչպես նաև Գազայի հատվածի հարցերը":
Հավելենք, որ սա Թուրքիայի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն երկրորդ հեռախոսազրույցն է՝ անցած շաբաթվա ընթացքում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, հղում անելով Սիրիայի Պաշտպանության նախարարությանը, Սիրիայի կառավարական բանակն անցած շաբաթվա վերջին մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք գրոհել են Հալեպի և Իդլիբի նահանգները: Խախտելով ապաէսկալացման շուրջ համաձայնագիրը՝ "Հայաթ Թահրիր աշ-Շամ" (նախկին անվանումը ՝ "Ջեբհաթ ան-Նուսրա") ահաբեկչական կազմակերպության խմբավորումները Հալեպի և Իդլիբի նահանգների լայն ճակատում հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: ՍԱՀ ռազմական գերատեսչության տվյալներով ՝ բանակն արձագանքել է հարձակմանը, ինչի հետևանքով ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել: Շաբաթ օրը Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ մի քանի տասնյակ սիրիացի զինվորականներ են զոհվել Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ընթացքում, բանակը վերատեղակայում է իրականացրել՝ խաղաղ բնակիչների և զինվորների կյանքերը պահպանելու և հակահարձակման նախապատրաստվելու նպատակով: Սիրիական բանակը հաղորդել է, որ ահաբեկիչները ներթափանցել են Սիրիայի Հալեպ քաղաքի շատ շրջաններ, Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել նրանց դիրքերին և սպասում են օգնական ուժերի ժամանմանը: