
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:
Ներկայացնելով որոշման նախագիծը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ նոր փաստաթուղթը թույլ կտա զարգացնել երկու պետությունների միջև փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը, կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, որակապես նոր մակարդակի կհասցնի հայ-ռուսական փոխգործակցությունը:
Ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ գազի նոր գինը Հայաստանի և Ռուսաստանի միջև երկամսյա բանակցությունների արդյունք է: Ինչ վերաբերում է սպառողների համար գազի սակագների նվազեցման հնարավորության վերաբերյալ խոսակցություններին, ապա, ինչպես նշել է նախարարը, գործող օրենսդրությանը համապատասխան, այդ հարցով զբաղվում է ՀԾԿՀ-ն: Հայտի ստացման դեպքում հանձնաժողովը կանցկացնի հետազոտություննմեր, որոնց արդյունքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն:
Մինչդեռ «Գազպրոմ Արմենիայի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ ներքին սպառման շուկայի համար ռուսական գազի սակագինը կմնա անփոփոխ: Դրա պատճառը արժույթի փոխարժեքի տատանումների պատճառով ընկերության կրած վնասն է: Գործող սակագնի հիմքում ընկած է 1 դոլարի դիմաց 416 դրամ հարաբերակցությունը, սակայն ԿԲ հրապարակած փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն իր հերթին նշել էր, որ Հայաստանում գազի սպառման ծավալները վերջին տարիներին ավելացել են` կազմելով 2 մլրդ խմ: Միլլերն ընդգծել էր, որ ռուսական գազի գնի նոր մակարդակը թույլ կտա ներդրումներ իրականացնել Հայաստանի գազափոխադրման համակարգի արդիականացման վերակառուցման գործում, ինչի առնչությամբ նախապատրաստվում է գազամատակարարման նոր սխեմա:
Հիշեցնենք նաև, որ 2015 թվականի ինդիկատիվ հաշվեկշռին համապատասխան, Հայաստանն ընթացիկ տարում կստանա 2 մլրդ խմ ռուսական «երկնագույն վառելիք»: