Արմինֆո.Հալեպում հայ է սպանվել: Այդ մասին հաղորդել է "Գանձասար" թերթը։
Թերթը գրում է, որ 65-ամյա բժիշկ Երվանդ Արսլանյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ Հալեպից դուրս գալու ժամանակ։ Նրան տեղափոխել են Համայի հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Նոյեմբերի 30-ին տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ Սիրիայի թուրքամետ ահաբեկիչների հարձակման ֆոնին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը փախել Է Դամասկոս։ Հայ համայնքից հաղորդել են, որ նոյեմբերի 29-ին հյուպատոսության աշխատակիցները հեռացել են Հալեպից, թեև նախկինում, անգամ լայնածավալ պատերազմի ժամանակ, Հայաստանի ներկայացուցչությունը ոչ մի օր չէր փակվել:
Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են այս իրավիճակը, հավաստիացնելով, որ գլխավոր հյուպատոսը մեկնել է Դամասկոս՝ հավատարմագրեր ստանալու նպատակով, հետո չի կարողացել վերադառնալ Հալեպ և շարունակում է աշխատանքը Դամասկոսից:
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները լռում են Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրում բավականին պատկառելի հայ համայնք կա։ Իրավիճակը մեկնաբանել է միայն եկեղեցին։
Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը: "Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին: Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան", - գրել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
Իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի դիրքորոշումը հրապարակվել է Կաթողիկոսարանի կայքում։ Հայտարարության մեջ ասվում է, որ Արամ Ա կաթողիկոսն ուշադիր հետևում է Սիրիայում մտահոգիչ իրավիճակին, որը ստեղծվել է զինված խմբավորումների հարձակման հետևանքով: "Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով առաջնորդ սրբազանին եւ համայնքի պատասխանատուներուն հետ, իր բարձր գնահատանքը յայտնեց անոնց, որ բարձրագոյն աստիճանի պատասխանատու ոգիով մօտէն կը հետեւին հայ համայնքին բարօրութեան։ Յայտնենք, որ զինեալ բախումները ընդհանրապէս հեռու են հայկական թաղամասերէն։ Ընդդիմադիր զինեալները ներկայացնող անհատներ այցելելով հայ եւ քրիստոնեայ համայնքներու պատկանող բնակարաններ ու կեդրոններ՝ յայտնած են, թէ պասրաստ են առօրեայ կենցաղային կարիքներու ապահովման գծով հարկ եղած օժանդակութիւնը ցուցաբերել կամ որեւէ դժուարութեան պարագային օգտակար դառնալ։
Նշենք նաեւ, որ առաջնորդ սրբազանը եւ հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալէպի եւ թէ՛ Քէսապի մէջ, թելադրած են մեր ժողովուրդի զաւակներուն տուները մնալ եւ անհրաժեշտութեան պարագային կապ հաստատել ազգային առաջնորդարանին կամ համայնքային կեդրոններուն հետ", - ասվում է Կաթողիկոսարանի հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, հղում անելով Սիրիայի Պաշտպանության նախարարությանը, Սիրիայի կառավարական բանակն անցած շաբաթվա վերջին մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք գրոհել են Հալեպի և Իդլիբի Նահանգները: Խախտելով ապաէսկալացման շուրջ մասին համաձայնագիրը՝ "Հայաթ Թահրիր աշ-Շամ" (նախկին անվանումը ՝ "Ջեբհաթ ան-Նուսրա") ահաբեկչական կազմակերպության խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգների լայն ճակատում հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: ՍԱՀ ռազմական գերատեսչության տվյալներով ՝ բանակն արձագանքել է հարձակմանը, ինչի հետևանքով ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել: Շաբաթ օրը Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ մի քանի տասնյակ սիրիացի զինվորականներ են զոհվել Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ընթացքում, բանակը վերատեղակայում է իրականացրել խաղաղ բնակիչների և զինվորների կյանքերը պահպանելու և հակահարձակման նախապատրաստվելու նպատակով: Սիրիական բանակը հաղորդել է, որ ահաբեկիչները ներթափանցել են Հալեպ քաղաքի շատ շրջաններ, Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել նրանց դիրքերին և սպասում են օգնական ուժերի ժամանմանը: