Արմինֆո. Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։
Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հայաստանը դարձել է ՄՔԴ-ի մասնակից 124-րդ պետությունը, ինչպես նաև՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի երկրներից:
ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որից հետո այն ստորագրվել է երկրի նախագահի կողմից և ուժի մեջ է մտել ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր անց:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով ՝ ՄՔԴ-ը, հիմնականում, դիտարկում է ցեղասպանության հանցագործությունները, մարդկայնության դեմ հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունները: Դատարանը կարող է իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնել, ինչպես նախատեսված է սույն կանոնադրությունում, ցանկացած մասնակից պետության տարածքում և, հատուկ համաձայնությամբ, ցանկացած այլ պետության տարածքում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 17-ին ՄՔԴ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Ի դեպ, հայկական կողմը նշում է, որ փաստաթղթի վավերացումն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ։ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հաղորդել էր, որ ռուսական կողմը հայ գործընկերներին զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների համար խիստ բացասական հետևանքների մասին ՝ Հռոմի կանոնադրությանը միանալու դեպքում: Մոսկվան անընդունելի էր համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ օրդերների ֆոնին: