Արմինֆո. Իջևանում անցկացվել է "Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ Արցախի քաղաքացիների համար" աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո:
Տոնավաճառի շրջանակում աշխատանք փնտրող հայրենակիցները, հատկապես, Արցախի բնակիչները հնարավորություն են ունեցել հանդիպելու ավելի քան 30 առաջատար կազմակերպությունների հետ, լրացնել իրենց ինքնակենսագրականները և տեղում տեղեկանալ գործատուների պահանջների մասին: Միջոցառման հիմնական նպատակն էր աջակցել Արցախից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, աջակցել աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և զբաղվածության խնդիրների լուծմանը:
Այցելուները մասնակցել են նաև աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված թեմատիկ դասընթացների:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Կարինե Նազարյանը նշել է, որ ծրագրի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ մարզերում գործող կազմակերպություններում արցախցիների շրջանում աշխատաշուկայում հնարավորությունների ընձեռմանը, ինչպես նաև աշխատաշուկայում ինտեգրվելու կարողությունների զարգացմանը:
«Եվրասիա» միջազգային համալսարանի կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Արմինե Ասատրյանի խոսքով ՝ նման միջոցառումներն արդյունավետ են ինչպես կարիերայի ուղղորդման, աշխատաշուկայում մրցունակության, այնպես էլ գործատուի և ապագա աշխատողի միջև ուղիղ կապի հաստատման տեսանկյունից: