
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին վաճառելու վերաբերյալ կառավարության որոշումը մտահոգել է ճարտարապետներին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ընկերությունը մտադիր է իրականացնել խոշոր ներդրումային նախագիծ. նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4 տարվա ընթացքում` ներդնելով 100 մլն ԱՄՆ դոլար:
Մինչդեռ Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը բացասական գնահատական է տվել ՄՀՀ մերձակա տարածքի վերածմանը զվարճությունների կենտրոնի: Նա հիշեցրել է, որ ՄՀՀ անմիջական հարևանությամբ գտնվում է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը, որի մերձակայքում խաղատան և ռեստորանների ստեղծումը կարող է ոչ միանշանակ գնահատականի արժանանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:
ՄՀՀ ինժեներ-կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանն իր հերթին խոստովանել է, որ անվստահությամբ է վերաբերվում «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որը, ինչպես արտահայտվել է Գ.Ազիզյանը, չունի անցյալ, և դրա հետևում կարող են կանգնած լինել ինչ-որ ուժեր: «Մի կողմից, կառավարությունը չի կարող իր վրա վերցնել ՄՀՀ շենքի պահպանման ծախսերը, այսինքն, Մարզահամերգային համալիրը պետք է ունենա սեփականատեր: Սակայն մենք լիովին համոզված պետք է լինենք, որ սեփականատերը խնամքով է վերաբերվելու ՄՀՀ-ին», - հայտարարել է նա:
Փորձագետին նաև զարմացրել է նորությունն այն մաիսն, որ ընտանեկան հանգստի համար նախատեսված համալիրի նախագիծը ներառում է նաև խաղատուն: Ազիզյանը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ արգելվել է խաղատների գործունեությունը Երևանում, և դրանք գործում են միայն քաղաքից դուրս:
Ինչ վերաբերում է ՄՀՀ 30 մլն դոլարի դիմաց վաճառքին, ապա այստեղ Ազիզյանը նշել է, որ այսօրվա դրությամբ ՄՀՀ նման շենքի կառուցումը կարող է արժենալ 100-200 մլն դոլար:
1983 թվականին կառուցված ՄՀՀ ընդհանուր մակերեսը կազմում է 46335.7 քմ` չհաշված օժանդակ շինությունները: 1985 թվականին համալիրը տուժել է ուժեղ հրդեհից և վերակառուցումից հետո բացվել է 1987 թվականի վերջին: Վերակառուցումն իրականացվել է ռուսաստանյան ԲԱՄՕ շինարարական ընկերության կողմից: Նախորդ տարվա օգոստոսին ՄՀՀ հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին` պարտքի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՀՀ վարկային պարտքը կազմում էր 10,207 մլրդ դրամ: Բացի այդ, կային նաև այլ պարտքեր, այդ թվում` պետական տուրքի գծով 204 մլն դրամ գւոմարի: