Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է նոյեմբերի 29-ին Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, որը տեղի է ունենում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, միջոցառման հարթակներում Մհեր Գրիգորյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովի հետ: Գործակալությունը լուսանկար է հրապարակել երկու երկրների փոխվարչապետների զրույցից։ Աղբյուրը նշում է, որ հանդիպումը տևել է 10 րոպե, սակայն, թե ինչի մասին են խոսել փոխվարչապետները, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում Համագործակցության երկրների պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված են ցուցահանդես - տոնավաճառի և կոնգրեսական գործունեության միջպետական խորհրդի գործունեության, 2018-2023 թվականներին տնտեսական ոլորտում ճյուղային համագործակցության մարմինների գործունեության, արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգության մշակույթի կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիրի, բազային կազմակերպությունների հիմնադրման մասին և այլ հարցեր: