«Նաիրիտ» գործարանի վերագործարկումն անիմաստ է: Այդ մասին նախօրեին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Ծաղկաձորում բացված «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում:
Վարչապետի ասելով, Համաշխարհային բանկի կողմից գործարանում անցկացված աուդիտի հիման վրա ձեռնարկության վերագործարկումը տնտեսական տեսանկյունից անարդյունավետ է թվում: Ձեռնարկության վերագործարկման համար անհրաժեշտ է 350 մլն դոլարի ներդրում, ինչը համադրելի է նոր գործարանի կառուցմանը: «Հայաստանի կառավարությունը նման միջոցներ չունի, սակայն ներդրողի առկայության դեպքում գործադիր իշխանությունը պատրաստ է սառեցնել ձեռնարկության պարտքերը», - ընդգծել է վարչապետը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի պատվերով ամերիկյան JACOBS ընկերության բրիտանական մասնաճյուղի կողմից ձեռնարկությունում անցկացված աուդիտի հիման վրա «Նաիրիտի» վերագործարկումն աննպատակահարմար է թվում: Միայն գործարանի գործարկման համար կպահանջվի 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ պարզ չէ, թե արդյոք գործարանի արտադրանքը գնորդ կգտնի, արդյոք այն մրցունակ կլինի միջազգային շուկայում: Վերջերս Հայաստանի կառավարությունը մարել է աշխատավարձի գծով գործարանի պարտքերը` առևտրային բանկերից ներգրավված շուրջ 50 մլն դոլար վարկերի հաշվին: Սակայն գործարանի աշխատակիցներն իրենց օրինական միջոցները ստանալուց հետո էլ մտադիր են պայքար սկսել «Նաիրիտի» պահպանման համար:
Արդեն 4 տարի պարապուրդի մատնված ձեռնարկության ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի նշագծին (շուրջ 130 մլն դոլար): Մինչև 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերի 89,999 %-ը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը պատկանում է 4,496%, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին (ներկայում` ՙԳազպրոմ Արմենիա՚)` 3,596%-ը ՙԵրևանի ՋԷԿ՚ ՓԲԸ-ին` 1,907%: ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլարի վարկի դիմաց, որը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: