Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության թիվ մեկ օրակարգն ինչպես եղել է, այնպես էլ մնում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։
Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ», - գրել է Խամոյանը։
Նշենք, որ այսօր զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ խմբակցությունը փորձելու է համոզել Նազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ նա վաղուց շփման մեջ է իշխանությունների հետ: