Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ընտրության համար ներկուսակցական քվեարկություն (փրայմերիզ) անցկացնելու մտադրության մասին:
Փաշինյանը նշել է, որ բոլոր փորձագետները հայտարարում են առանց վարչապետի միջամտության կառավարման ճգնաժամը հաղթահարելու անհնարինության մասին: "Այդ միջամտությունը հետևյալն է. ընտրական օրենսդրության առաջիկա փոփոխությունների արդյունքում ես պետք է նշանակեմ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար", - հայտարարել է նա ուղիղ եթերում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հարցը քննարկելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության հետ, ինքը եկել է այն եզրակացության, որ չի կարող միանձնյա, վարչական որոշում կայացնել: Այդ առնչությամբ առաջիկայում տեղի կունենա ներկուսակցական քվեարկություն (փրայմերիզ)՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ընտրության համար։
"Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, կողմնակիցների, համախոհների շրջանակներից առաջադրվեն կամ ինքնաառաջադրվեն թեկնածուներ, որոնց մենք կգրանցենք ըստ որոշակի քաղաքական ստանդարտների, ոմանց գրանցումը, հնարավոր է, մերժենք, ինչից հետո մենք գյումրեցիների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ չափով նաև պատահականության սկզբունքով քվեարկություն կանցկացնենք։
Քվեարկության արդյունքում հաղթած թեկնածուին ես նշանակելու եմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա նաև մեր թեկնածուն Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններում", - ասել է Փաշինյանը:
Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել՝ այն բանից հետո, երբ քրեական գործ է հարուցվել դաշինքի հիմնադիր, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ, ում մեղադրում են հայտնի "Սև բերդի" շրջակայքի հողատարածքներն ապօրինի օտարելու համար: Միաժամանակ, հրաժարական են տվել նաև "Բալասանյան" դաշինքից ավագանու անդամները։ Նոյեմբերի 8-ին Գյումրիի նոր քաղաքապետի ընտրության ավագանու նիստը տապալվել է՝ քվորում չլինելու պատճառով:
Այդ առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու մասին, որոնք, նախնական տվյալներով, տեղի կունենան 2024 թվականի գարնանը: Ավելի վաղ իշխող կուսակցությունից քաղաքապետի պաշտոնի համար քննարկվում էր Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի թեկնածությունը: Սակայն, հայկական լրատվամիջոցների տվյալներով, նրա թեկնածությունը մերժվել է՝ այն բանից հետո, երբ արյան մեջ թմրանյութերի առկայության թեստը դրական արդյունք է տվել։
Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների, "Քաղաքացիական պայմանագիրը" մտադիր է Գյումրիում իշխանությունը զավթել՝ քաղաքապետի ընտրություններում առաջադրված "ժողովրդավարություն, օրենք, կարգապահություն" եւ "Հանրապետություն"կուսակցությունների ղեկավարներ Վարդան Ղուկասյանի եւ Արամ Սարգսյանի օգնությամբ, այդպիսով կրկնելով "երեւանյան սցենարը" եւ այլ կուսակցությունների հետ միասին իր ձեռքը վերցնելով քաղաքի կառավարումը։ "Հրապարակ" թերթի տեղեկություններով՝ իշխանությունները անակնկալի են բերել Գյումրիի ընդդիմադիր դաշտը, և պոտենցիալ թեկնածուները կարծում են, որ ավագանու ընտրություններին նախապատրաստվելու ժամանակ չկա, իսկ հապճեպ ընտրություններում հաղթել հնարավոր չէ, ուստի մտավախություն կա, որ ՔՊ-ն Գյումրիում կկրկնի Երևանի փորձը, այսինքն, իշխանությունը կվերցնի Սարգսյանի և Ղուկասյանի կուսակցությունների միջոցով"։ "Մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ վերջին մի քանի օրերին խորհրդակցություններ են անցկացնում "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, նրան համոզելով առաջադրվել, սակայն նա կտրականապես հրաժարվում է", - հավելել է թերթը: