Արմինֆո.Մանդատը վայր դնելու իմ որոշման վրա ամենամեծ ազդեցությունը կունենա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իր աշխատասենյակում տեղի ունեցած խոսակցությունը: Նոյեմբերի 26-ին "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այդպես է պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք վայր կդնի մանդատը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով:
Ընդ որում, ճշգրտող հարցին, թե արդյոք իր որոշումն առավելապես կախված կլինի Ալեն Սիմոնյանի խոսքերից, թե՝ Փաշինյանի որոշումից, նա պատասխանել է, որ մտադիր է խորհրդակցել ընկերոջ հետ, ում անունն ու պաշտոնը չի բացահայտել, հավելելով, որ նրա հեղինակությունը վարչապետի հեղինակությունից բարձր է համարում:
"Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել ընկերոջիցս, ով ինձանից շատ կնեղանա, եթե առանց իրեն տեսնելու արձագանքեմ վարչապետի հայտարարությանը։ Հիմա ես սպասում եմ, թե նա երրբ է գալու", - հայտարարել է Աղազարյանը, հավելելով, որ նրա խորհուրդները հաշվի կառնվեն այդ հարցի վերաբերյալ անձնական որոշում կայացնելիս։ Դիտարկմանը, թե ինչու ինքը, որպես պատգամավոր, չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, Աղազարյանը պատասխանել է, որ մտադիր է, պարզապես, խորհրդակցել ընկերոջ հետ, ինչը, նրա կարծիքով, նորմալ է: "Այնքան էլ հեշտ չէ դրական կամ բացասական արձագանքել վարչապետի խնդրանքին",- հավելել է պատգամավորը:
Հարցին, թե արդդյոք քաղաքական թիմի կողմից ճնշում զգում է մանդատը վայր դնելու հարցի առնչությամբ, նա դրական պատասխան է տվել: "Ոմանք խորհուրդ են տալիս մանդատը վայր դնել, մյուսները՝ ոչ", - շարունակել է Աղազարյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն սպասում էր, որ կառավարող ուժը կարող է պահանջել պատգամավորների մանդատները վայր դնել, Աղազարյանը նշել է, որ վարչապետի համար որևէ պայմանականություն կամ հեղինակություն գոյություն չունի:
Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ վարչապետի խոսքերը չեն կարող չազդել իր որոշման վրա ։ Ընդ որում, պատգամավորը հերքել է այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանն իրեն սպառնացել է: "Ավելի լավ կլիներ՝ սպառնար։ Նա ոչ մի վատ բան չի արել, պարզապես, ճնշում է գործադրել այլ եղանակով", - հայտարարել է պատգամավորը։
Անդրադառնալով մանդատը վայր դնելուց հրաժարվելու դեպքում քրեական գործ հարուցելու հնարավորության վերաբերյալ մտավախություններին՝ նա բացասական պատասխան է տվել, հայտարարելով, որ նման նախադրյալներ չկան։ Երբ խոսք է գնացել իր և իր մանդատի շուրջ տեղի ունեցողի ժողովրդավարական լինելու մասին, Աղազարյանը նշել է. "Այն, ինչ կապված է անձամբ ինձ հետ, այո, Ժողովրդավարական է: Մանկուց ի վեր ես անում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում ՝ ձգտելով նվազագույնի հասցնել իմ շրջապատի մարդկանց, իմ թիմին և այժմ մեր պետությանը վնասելու ռիսկը: Ամեն մեկն ունի սեփական պատկերացումները", - հայտարարել է պատգամավորը։
Ընդ որում, Աղազարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք մանդատից հրաժարվելը կարող է նշանակել պատգամավորի վախը քրեական գործ հարուցելու հանդեպ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՔՊ վարչությունը որոշում է կայացրել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին, ով մինչ այդ հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե: Ըստ ԶԼՄ-ների՝ նախաքննության մարմնում առերեսում են կազմակերպել կաշառքի վերաբերյան գործի շրջանակում։ Նշվել է նաև, որ կոմիտեում պատգամավոր Աղազարյանի դեմ ցուցմունք են տրվել, որի համաձայն, նա պահանջել է 300 հազար դոլար կաշառք ՝ ՀՀ-ից ԱՄԷ մանր եղջերավոր անասունների անարգել արտահանման համար՝ խախտելով սահմանված ընթացակարգերը:
Հավելենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտնել էր նաև կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Զեյնալյանը: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Զեյնալյանի հեռանալու պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց լսումներն էին, որոնց ժամանակ խիստ լեզվակռիվ էր տեղի ունեցել Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև, որը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի: Աղազարյանը Քյարամյանին մեղադրել էր գործարարների նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Ի պատասխան՝ ՔԿ նախագահն ասել էր, որ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ խնդրել են, և այդտեղ կոռուպցիայի տարր կա։ Քյարամյանն իրեն թույլ էր տվել նաև մի շարք տհաճ արտահայտություններ, որոնք առաջացրել էի իշխանական պատգամավորների, այդ թվում՝ Զեյնալյանի դժգոհությունը, ով հայտարարել էր, որ խորհրդարանականների հետ չի կարելի նման տոնով խոսել ։