Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական բարձր պաշտոններում վերջին նշանակումների տրամաբանությանը:
«Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով:
Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը եւ արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, Հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այդ հնարավորությունը, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել:
Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձեւեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, դիմելով իրավապահ մարմինների, դատական համակարգի ղեկավարներին, հայտարարել էր, որ իր համբերության բաժակը լցվել է։ «Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը գլուխ բարձրացնել պետության մեջ: Ես ինչ-որ մեկին հի՞մք եմ տալիս ենթադրելու, որ այդպես կարող է լինել» ,- հարցրել էր վարչապետը: Դրանից հետո հրաժարական են տվել վերոնշյալ որոշ պաշտոնյաներ: Ինչպես ավելի ուշ հայտարարել է Փաշինյանը, ինքը խնդրել էր նրանց թողնել իրենց պաշտոնները, պարզաբանելով, որ դրա պատճառները ոչ թե անձնական են, այլ՝ համակարգային, ինչի մասին ինքը հրապարակավ խոսել է: