


Արմինֆո. Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նման զգուշացումով է հանդես եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով։
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով», - ասվում է հաղորդագրությունում։



