
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Աստանայում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքներին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանը ներկայացված է լինելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, Բադալյանը, մասնավորապես, ասել է. "Կարող եմ միայն հաղորդել, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին":
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենան Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը ։
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, միջոցառումներին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը: Նախատեսվում է կարծիքների փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության արդյունքների և Հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարների քննարկում: Առանձին ուշադրություն կդարձվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին:
Նախատեսվում է, որ Ղրղզստանի Հանրապետությունը 2025 թվականին կտեղեկացնի կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթությունների մասին: Ընդ որում, ԶԼՄ-ները, վկայակոչելով կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչին, հաղորդում են, որ նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչները չեն ժամանի, սակայն նրանք չեն առարկում նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի վաղ բարձր մակարդակով հայտարարել էր ՀԱՊԿ - ին անդամակցությունը սառեցնելու մասին և բոլոր մակարդակներում դադարեցրել էր մասնակցությունը այդ ռազմական դաշինքի աշխատանքներին: