Արմինֆո.Իշխանությունները շարունակում են էկոցիդը Ալեք Մանուկյան փողոցում։ Այդ մասին ահազանգում է Երևանի ավագանու անդամ և ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Վարադանյանը, Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակել են տարածաշրջանին բնորոշ և ամենակայուն ծառերից մեկի՝ թեղու փոխարինումը ջերմասեր, մեր քաղաքում մինչ օրս այգե-պուրակային տարածքների կանաչապատման համար նախատեսված ալբիցիայով։
«Նշված բույսը նույնիսկ մոտ չէ թեղու փոշին նստեցնելու և սաղարթի թափանցիկության պատճառով ՈՒՄ ճառագայթներից ու ջերմությունից բոլորիս պաշտպանելու հատկանիշներին։ Բացի այդ, մեր թռչունների համար սննդի բազա չէ, ի տարբեդություն բարձր յուղայնությամբ օժտված թեղիների սերմի։ Նշեմ, որ ծաղիկը խիստ հոտավետ է՝ դրա համար զանգվածաբար չեն կիրառում, ուշադրությունը գրավելու համար տնկում են սոլիտեր, կամ փոքր խմբերի ձևով, ունի երկարատև ծաղկաթափ ու լրացուցիչ՝ ամբողջ ամառ, տարածքը մաքրելու խնդիր է առաջանալու։ Կարևոր է նաև կյանքի անհամեմատ ավելի կարճ տևողությունը։ Այս ամենի հետևանքները ծանր են լինելու՝ ջերմային կղզիների, ՈՒՄ ճառագայթման, օդի աղտոտվածության ավելացում և այլն։ Ծաղկած ծառերով երեխաներն են ուրախանում, իսկ քաղաքային իշխանությունը, բնակչության առողջական ռիսկերը պետք է նվազեցնի։ Ձեր արածն ուղիղ հակառակն է։ Կրթվեք, աշխարհը բաց է», - գրել է ավագանու անդամը։