


Արմինֆո.Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նեյլ Հաուերի մուտքը երկիր:
Ինչպես պատմել է ինքը՝ լրագրողը, Twitter-ի (X) իր միկրոբլոգում, շաբաթ օրը Երևանից ժամանել է Ստամբուլի օդանավակայան՝ զբոսաշրջության նպատակով, սակայն, անձնագրային հսկողության ժամանակ նրան մի կողմ են տարել եւ հաղորդել, որ ինքը "սև ցուցակում է", 16 ժամով ձերբակալել են և հետ արտաքսել։
Ընդ որում, լրագրողը բողոքել է, որ իրեն մանրամասներ չեն ներկայացրել այն մասին, թե ինչու է իրեն արգելված մուտք գործել Թուրքիայի տարածք: Նեյլը նշել է, որ բազմիցս այցելել է Թուրքիա, վերջին անգամ ՝ 2022 թվականի ամռանը, և մինչ այդ երբեք խնդիրներ չի ունեցել:
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ արգելքն ինչ-որ կերպ կապված է լրագրողի իր աշխատանքի հետ: "Բայց ես վստահ չեմ, թե կոնկրետ ինչի հետ է կապված. ես հազվադեպ եմ գրում Թուրքիայի մասին, եւ՝ ոչ քրդական կամ գյուլենական խնդիրների մասին, որոնք, սովորաբար, այնտեղ օտարերկրյա լրագրողների խնդիրների պատճառ են հանդիսանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ես խիստ կասկածում եմ, որ այդ արգելքը կիրառվել է Ադրբեջանի խնդրանքով կամ, գոնե, նրա մասնակցությամբ։ Ես մանրամասն լուսաբանել եմ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումները, ինչն ինձ այնտեղ բարեկամներ չի բերել", - հավելել է նա։
Ընդ որում, նա նշել է, որ կբողոքարկի թուրքական իշխանությունների այդ որոշումը, քանի որ ոչ մի անօրինական գործողություն չի կատարել:


