Արմինֆո. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա՝ նոյեմբերի 21-ի եզրափակիչ գոտեմարտերին։
ՊՆ հաղորդագրության համաձայն, առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Մասնավորապես, Տիգրան Մինասյանը (55 կգ) նվաճել է արծաթե, Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալներ։
Նշենք, որ այդ առաջնությունը նշանավորվել է սկանդալով։ Մարզական մրցումների մեկնարկից մեկ օր առաջ պարզվել էր, որ Հայաստանի ուժեղագույն մարզիկներին հանել են Հայաստանի հավաքականի ցուցակից: ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողացել խելամիտ պատասխան տալ, թե ինչու է դա արվել։ Մինչդեռ, սոցիալական ցանցերի հայկական հատվածում սկսել էին քննադատել պաշտպանական գերատեսչությանն այդ քայլի համար՝ դրանում տեսնելով քաղաքական ենթատեքստ։ Տարբեր քաղաքական հայացքների տեր փորձագետներ նշում էին, որ դա արվել է նրա համար, որպեսզի թույլ տան Թուրքիային իր դրոշը բարձրացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, և թույլ չտալ, որ Հայաստանն արժանապատվորեն հանդես գա այս առաջնությունում: