Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստումը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններին:
«Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ` ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մասին է: Այսօր առավոտյան նախարարություններում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են: Ես շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում: Նաև Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այսօր իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին գերատեսչության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարել է, որ ինքը և նախկին նախարար Վահե Ղազարյանը ծանոթ են վաղուց՝ 37 տարի, և ընկերություն են անում մանկուց. այդ հանգամանքը, իհարկե, շատ հարցերում շատ է օգնել, բայց, այնուամենայնիվ, որոշ հարցերում այդ հանգամանքը մի փոքր խանգարել է։
ՏԿԵ նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին, ով, ըստ լրատվամիջոցների, վարչապետի սանիկն է, Փաշինյանը նշել է արդեն նախկին նախարար Սանոսյանի ներդրումը: "Նրա պաշտոնավարման ընթացքում սկսվել, իրականացվել և ավարտվել են հսկայական թվով շինարարական աշխատանքներ, որոնք կարելի է տեսնել հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում: Ուզում եմ ընդգծել Սանոսյանի ներդրումը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման և տեղավորման գործընթացում, նրանց կարճաժամկետ կարիքների բավարարման, ինչպես նաև այս տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած իրադարձություններում ՝ ջրհեղեղներին արագ արձագանքման շրջանակներում", - ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ Գնել Սանոսյանը, հանդիսանալով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, կազմակերպչական մեծ կարողություններ ունի, և հույս է հայտնել, որ այդ հնարավորությունը կօգտագործվի, որպեսզի Սանոսյանը գոնե որոշ ժամանակ հատկացնի քաղաքական կազմակերպչական աշխատանքին:
Ինչ վերաբերում է նոր նախարարին, Փաշինյանը նշել է, որ անցել են այն ժամանակները, երբ նման նշանակումների ժամանակ ասում էին "երիտասարդ և անփորձ", սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել "երիտասարդ և փորձառու":