
СontourGlobal ընկերությունն ու Հայաստանի կառավարությունն այսօր հայտարարել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» ակտիվների վաճառքի գործարքի ավարտի մասին, հաղորդում է Նյու Յորքի PRNewswire-ը։
Բացի այդ՝ СontourGlobal-ը նաև հայտնել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան ձեռք է բերել ContourGlobal Hydro Cascade- ի 20 տոկոս բաժնետոմսերը՝ Որոտանի ՀԵԿ- ի գնման, գործարկման եւ նորոգման գործընթացին նպաստելու նպատակով։ Նախագիծը նպատակաուղղված էերկրի էներգետիկ հատվածի ամրապնդմանն ու էներգամատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը:
«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրին» բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը: Այն ապահովում է 250 000 բնակելի շենքերի և մասնավոր տնտեսությունների էլեկտրաէներգիայով մատակարարումը: Ըստ համաձայնագրի պայմանների, Որոտան գետի վրա գտնվող երեք ՀԷԿ- երի սեփականատերն ու կառավարիչը ContourGlobal Hydro Cascade ընկերությունն է։ Առաջիկա վեց տարիներին ընկերությունը 50 մլն եվրո կներդնի Որոտանի կասկադի արդիականացման համար։ Ըստ ContourGlobal Hydro Cascade- ի՝ այդ աշխատանքների արդյունքում կբացվի 150 կարճաժամկետ եւ 150 երկարաժամկետ աշխատատեղ։
«Մենք ուրախ ենք ավարտել գործարքը ContourGlobal-ի հետ, որը ստուգված և փորձառու սեփականատեր է և ողջ աշխարհում էներգարտադրող օբյեկտների օպերատոր: Մենք համոզված ենք, որ ContourGlobal ընկերությունը հաջողությամբ կկառավարի և գերազանց շահագործման վիճակում կպահի այս կարևոր էներգետիկ համալիրը: Մենք նաև գոհ ենք ընկերության ներդրումային ծրագրերից. այդ կապիտալ ներդրումները թույլ կտան առաջիկա տարիներին բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունը, անվտանգությունն ու արտադրողունակությունը», - հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պայմանագրի ստորագրման ժամանակ:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման իր հերթին նշել է, որ մասնավոր բիզնեսի մասնակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի գլխավոր ենթակառուցվածքային խնդիրների լուծման գործում: «Եվ այս գործարքը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» նախատեսվող վերակառուցումը ավելի մատչլի կդարձնի էլեկտրաէներգիան և աջակցություն կապահովի էներգետիկ ինքնավարության նպատակների իրագործմանը», - նշել է ՄՖԿ ներկայացուցիչը:
Նոր ձեռբերումը կհամալրի ContourGlobal վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման նախագծերի պորտֆելը, որն այսօրվա դրությամբ ներառում է Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում հիդրո-, արևային, հողմային էլեկտրակայաններ և օբյեկտներ, որոնք աշխատում են կենսագազով և ունեն շուրջ 1000 ՄՎտ ընդհանուր արտադրողունակություն: ContourGlobal- ը միջազգային էներգետիկական ընկերություն է, որ գործում է աշխարհի 20 երկրներում։ Ընկերության 1650 աշխատակիցներ ապահովում են տարբեր վառելիքով, նաեւ վերականգնվող՝ քամու, արեւի եւ կենսազանգվածի էներգիայով աշխատող 58 էլեկտրակայանների աշխատանքը։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ContourGlobal տնօրինում և կառավարում է շուրջ 1 220 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ընկերություններ, որոնք գտնվում են Ավստրիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում: