Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
«Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60‑րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները:
Նշենք, որ նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին», - ասվում է Հայաստանի փաստաբանների պալատի հաղորդագրությունում:
Նշենք, որ կառավարության նախաձեռնած փոփոխություններով պայմանավորված, որոնք ընդունվել են երկրի խորհրդարանի կողմից, փաստաբանական գործունեության հարկումը գործող 5 տոկոսից ավելանալու է ավելի քան 30 տոկոսով՝ գումարած լրացուցիչ ծանրաբեռնվածություն հաշվապահական հաշվառման վրա. նախկինում հաշվապահական հաշվառումը շրջանառությունից էր, իսկ այժմ ստիպված ենլինելու նաև ծախսերի հաշվառում վարել, ինչը, իր հերթին, կհանգեցնի լրացուցիչ ծախսերի:
Փաստաբանները քննադատել են իշխանությունների այդ նախաձեռնությունը, նշելով, որ դա մի քանի անգամ կավելացնի փաստաբանական ծառայությունների արժեքը քաղաքացիների համար և կհանգեցնի մի իրավիճակի, երբ բնակչության որոշակի շերտ, պարզապես, կզրկվի փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունից: