Արմինֆո. Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի հայ-ղազախական բարեկամական խմբի պատվիրակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը՝ նոյեմբերի 20-ին Երեւանում "Ղազախստան-Հայաստան. ներկան եւ ապագան" կլոր սեղանի ժամանակ։
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը. այն նվիրված էր բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակին:
Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ այդ այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական համագործակցությանը խորհրդարանական հարթությունում:
Իր ողջույնի խոսքում դեսպանը հանգամանալից անդրադարձել է Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծին, հայ փորձագետներին պատմմմմելով ներքաղաքական լայնածավալ բարեփոխումների, միջազգային ասպարեզում Աստանայի վարած խաղաղասիրական օրակարգի, ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցով երկրում հաջողությամբ անցկացված հանրաքվեի և իր պետության բազմաթիվ այլ նախաձեռնությունների մասին:
Իր հերթին՝ ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Ժիրայր Անանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են և նոր բովանդակությամբ են լցվում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով: Որպես իր խոսքերի վառ օրինակ՝ նա նշել է արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին սահմանային համագործակցության Խորգոս միջազգային կենտրոնում հայկական տաղավար բացելու մտադրությունը։
Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին նաեւ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, տնտեսության եւ քաղաքականության ոլորտի առաջատար մասնագետներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, կառուցողական հունով քննարկել են հարաբերությունների կարգավորման տարիներին երկու երկրների ձեռքբերումները, համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Մտքեր են փոխանակվել հարաբերություններում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, առևտրատնտեսական ներուժի մասին, որը Հայաստանի և Ղազախստանի համար բացում է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը, և շատ այլ հարցերի շուրջ: