


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր և զարմիկի նկատմամբ խստացվել է մեղադրանքը Գորիսի բնակիչներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների դաժան ծեծի գործով: Քննչական կոմիտեի համաձայն, գործով ամբաստանյալներ Սեյրան և Էյներ Խաչատրյանների նկատմամբ ծեծի համար մեղադրանքը փոխարինվել է առողջությանը կանխամտածված միջին ծանրության վնաս հասցնելու համար մեղադրանքով:
Եթե ծեծի վերաբերյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երկու ամսվա կալանքն է, ապա առողջությանը կանխամտածված միջին ծանրության վնաս հասցնելու համար մեղադրանքով նրանց սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում: Սակայն մարզպետի եղբոր և զարմիկի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել, նրանք առաջվա նման ազատության մեջ են` չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ:
Այդուհանդերձ, մեղադրանքի խստացումից անմիջապես հետո մարզպետի եղբոր հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հոգեբուժարան: Քննչական մարմինը փորձաքննություն է նշանակել նրա առողջական վիճակը և բուժհիմնարկում նրա գտնվելու հիմքերը պարզելու համար:
Նշենք, որ Զաքարյան եղբայրների ծեծի գործով անցնում է նաև Սյունիքի մարզպետի որդին: Մարզպետի մյուս զարմիկը` Մայիս Խաչատրյանը, հետախուզման մեջ է: Կալանավորումից անմիջապես հետո մարզպետի որդու` Տիգրանի վիճակը նույնպես վատացել է, և նրան տեղափոխել են բանտի հիվանդանոց:


