
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է 10 պատճառ, որոնց պատճառով հասարակությունը պետք է դեմ քեարկի սահմանադրական բարեփոխումներին:
Նա գտնում է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Բացի այդ, Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ և գործող Սահմանադրությունն ամենաօպտիմալ տարբերակն է Հայաստանի համար: Նա նաև գտնում է, որ այսօր երկրի քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար: Չկա բավարար համախմբում այդ գաղափառի շուրջ: «Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական և հասարակական համախմբում է անհրաժեշտ: Այսօր այդ գաղափարի շուրջ իրական որևէ համախմբում չկա»,-ընդգծել է պատգամավորը:
Օսկանյանը նշել է նաև իշխանական ռեժիմի նկատմամ վստահության բացակայությունը: «Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար»,-ընդգծել է նա: Նա նաև գտնում է, որ այն, ինչ ներկայացվել է որպես նախագիծ, լի է հակասություններով և վտանգներով: Մասնավորապես, նա նշել է . որ Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը՝ լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում: Նա նշել է նաև խորհրդարանի ձայների՝ 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը և
զինված ուժերի գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձևակերպումները, ինչպես նաև 100 տոկոսանոց համամասնական ընրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ:
Քաղաքական գործիչը նշել է նաև, որ Հայաստանը միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ բալթյան երկրները, որը փորձում է անցում կատարել խորհրդարանական նման կառավարման համակարգին: «Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում չկա այնպիսի երկիր, որտեղ գործի ման համակարգ ու իրեն արդարացնի»,-ընդգծել է նա: Օսկանյանն ընդգծել է, որ լղոզված, ոչ կուռ կառավարման նման համակարգը, որտեղ երկրի առաջին դեմքը համարվելու է որևէ լիազորություն չունեցող և ժողովրդի կողմից չընտրված նախագահը, իսկ գործադիր լիզորություններով օժտված վարչապետը ամբողջական կախվածության մեջ է լինելու իր կուսակցությունից և նրա ղեկավարից, էապես կթուլացնի ապագայում հնարավոր արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը օգոստոսի 4-ին Արդարադատության նախարարության կայքում հրապարակել է Հայաստանի սահմանադրության նախագծի ևս 8 գլուխ: Հուլիսի 15-ին հրապարակվել էին առաջին 7 գլուխները, որոնք ոչ միանշանակ արձագանք էին հարուցել հայ հասարակության, փորձագիտական շրջանակների և քաղաքական ուժերի շրջանում, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած նախագիծը ենթադրում է հանրապետության անցնում կառավարման խորհրդարանական ձևի: Նախագծով ընդլայնվում են վարչապետի լիազորությունները, որը պատերազմի պայմաններում ստանձնում է նաև երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Իսկ նախագահին վերապահվում է մի տեսակ դատավորի դեր, որն ապահովում է երկրի սահմանարդության իրացման բնականոն ընթացքը: Նախագահին ընտրում է «ընտրիչների խորհուրդը», այնուհետև նա նշանակում է վարչապետ, որին ներկայացնում է խորհրդարանական մեծամասնությունը: Նախագահը պետք է լինի անկուսակցական, ընտրվի 7 տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: Խորհրդարանը ձևավորվում է համամասնական ընտրակարգով և բաղկացած է առնվազն 101 պատգամավորից: