Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը նախօրեին բավարարել է դատախազի միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանավորում կիրառել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ին Երևանի "Զվարթնոց" օդանավակայանում ՝ ԱՄՆ մեկնելիս ։ Ավելի ուշ նրան տնային կալանքի էին ենթարկել՝ շուրջ 180 հազար դոլարի չափով գրավի դիմաց։
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացրել Սամվել Բալասանյանին (Գյումրիի նախկին քաղաքապետը գտնվում է երկրի սահմաններից դուրս) ձերբակալելու մասին: Ըստ քրեական վարույթի՝ Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՝ քաղաքագլուխ եղած ժամանակ 19-րդ դարի Սև բերդ ամրոցի հարակից տարածքներն օտարելու համար: Այս գործով որպես մեղադրյալ է անցնում նաև Բալասանյանի որդին ՝ Խաչատուր Բալասանյանը:
Նշվում էր, որ կառավարության որոշմամբ դեռևս 2006 թվականին վերը նշված տարածքները ճանաչվել են հատուկ պահպանվող տարածք և ենթակա չեն օտարման: Դրանք գտնվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ քննչական մարմինների տվյալների՝ 2014 թվականին նշված տարածքները վաճառվել են Սուրեն Ջանոյանին, ով նախկին քաղաքապետի ընկերություններից մեկի տնօրենն էր, իսկ այժմ Գյումրիի փոխքաղաքապետն է: Մինչ այդ Գյումրու այն ժամանակվա փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը շինծու տեղեկանք էր կազմել, որի արդյունքում փոխվել էր տեղամասերի նպատակային նշանակությունը: 2015 թվականին Ջանոյանը տարածքը վաճառել է Բալասանյանի որդուն։ Ջանոյանը 1 հա հողատարածքը ձեռք է բերել 13 մլն դրամով, որից հետո այն վաճառել է Խաչատուր Բալասանյանին ՝ 4,9 մլն դրամով: Բերդի տարածքում գտնվող ևս մեկ հողամաս 2019 թվականին մոտ 15 մլն դրամով վաճառվել է Սիրական Մկոյանին, որը, ըստ քննության վարկածի, փոխկապակցված է եղել Բալասանյանի հետ: Ավելի ուշ Մկոյանը տարածքը վաճառել է Խաչատուր Բալասանյանին։
Այսպիսով՝ նախկին քաղաքապետն ու նրա որդին մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով: Ընդհանուր առմամբ, գործի շրջանակներում որպես մեղադրյալ է անցնում 5 անձ, այդ թվում ՝ Գյումրիի գործող և նախկին փոխքաղաքապետերը:
Սամվել Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2021թթ.