Արմինֆո. Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը պատմել է, թե ինչու է այսօր Երևանում, այլ ոչ թե՝ Բաքվում ՄԱԿ Կլիմայի համաժողովին (COP29):
Իր դիրքորոշումը նա ներկայացրել է "Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա" թեմայով համաժողովի ընթացքում, որն այսօր տեղի է ունեցել Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
"Ինչու՞ ես COP29-ում չեմ: Ամեն ինչ պարզ է: Կլիմայական արդարության հիմնական սկզբունքները, որոնք ես և շատ այլ էկոակտիվիստներ առաջ ենք մղում, հակասում են COP29-ի օրակարգին և այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Այդ հետադիմական երկիրը ցանկանում է ավելացնել օգտակար հանածոների արդյունահանումը, նա պատասխանատու է էթնիկ զտման համար։ Նողկանք է առաջացնում այն երեսպաշտությունն ու երկերեսանիությունը, որ այս ամենի ֆոնին COP29 - ն անցկացվում է այդ երկրում", - նշել է Թունբերգը։
Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն կատարել այդ հանցագործությունները եւ չկրել պատիժ, այլեւ նրան հարթակ են տալիս օրինականացնելու այդ սարսափելի հանցագործությունները, էթնիկ զտումները, ինչպես նաեւ՝ "կանաչ լվացման"համար:
"Աշխարհը լռում է և նրան տալիս է այդ հնարավորությունը և լռություն է պահպանում ։ Մենք կրկին ու կրկին ականատես ենք լինում դրան։ Մենք պետք է վերջ դնենք այն բանին, որ կլիմայի թեմայով խորհրդաժողովն անցկացվի մի երկրում, որն ունի հետադիմական էություն և ճնշում է սեփական քաղաքացիների իրավունքները, ռեպրեսիաների է ենթարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Էթնիկ զտումները, որոնց համար Ադրբեջանը պատասխանատու է, զրկանքներն ու տառապանքները, որոնք իրենց վրա զգում են բազմաթիվ հայեր՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, այն խոշտանգումներն ու բռնի տեղահանությունը, գերեվարումները, պատանդառությունները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները, որոնց միջով մարդիկ անցել են, կտրականապես անընդունելի են:
Եվ այն, ինչի մասին աշխարհը լռում է և թույլ է տալիս Ադրբեջանին իրականացնել այդ հանցագործությունների "կանաչ լվացումը", անընդունելի է ։ Անընդունելի է նաև այն, որ երկրները շարունակում են օգտակար հանածո գնել Ադրբեջանից և լռել այդ ամենի մասին", - նշել է էկոակտիվիստը ։
Թունբերգի խոսքով՝ "մենք չենք կարող ընտրել, թե հատկապես ինչ իրավունքներ ենք ուզում պաշտպանել": Նա հավելել է, որ, եթե խոսքը վերաբերում է արդարությանը, ապա այն պետք է լինի բոլորի նկատմամբ, այլ ոչ թե՝ ընտրողական, նույնը վերաբերում է նաեւ արդարադատությանը:
Անդրադառնալով, թե ինչու է որոշել աջակցել արցախահայությանը, էկոատիվիստը նշել է, որ արցախցիները ստիպված են եղել ամենօրյա ռեժիմով պայքարել կյանքի և ապրելու համար: "Ես հնարավորություն ունեմ բարձրաձայնելու կլիմայի խնդիրները, այդ հարցերը։ Ես ունեմ հնարավորություններ, որոնցից շատերը զրկված են։ Եվ իմ ընտրությունն է օգտվել իմ այդ առավելությունից, բարձրաձայնել այդ խնդիրները, թե՝ ոչ ։ Եվ քանի որ ես ունեմ այդ հնարավորությունը, ես ունեմ նաև պարտավորություններ ։ Ես կարող եմ ազատորեն խոսել կլիմայի խնդիրների և մարդու իրավունքների ոտնահարման մասին՝ առանց բռնաճնշումների ենթարկվելու", - ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը վաղուց պետք է իր վրա վերցներ Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների, ռազմագերիների և այլ գերիների ազատ արձակման խնդրի լուծումը:
"Համաշխարհային առաջնորդները գտնվում են Ադրբեջանում և վախենում են ասել այն, ինչի համար կարող են պատժվել ։ Ադրբեջանը մնում է անպատիժ, ոչ ոք նրան պատասխանատվության չի ենթարկում մարդու իրավունքների խախտման համար: Այն բանի համար, որ համաշխարհային առաջնորդներն այնտեղ են, նրանց նույնպես ոչ ոք պատասխանատու չի համարում անգործության համար։ Սա ապտակ է թե կլիմայական փոփոխության, թե ալիևյան ռեժիմի զոհերին։ Ինչպե՞ս կարող է COP29-ը անցկացվել Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքների նկատմամբ նույնիսկ նվազագույն հարգանք չկա: Եվ նման երկրնե՞րն են որոշում են կլիմայի օրակարգը: Նման խորհրդաժողովները ոչ մի դրական բան չեն կարող բերել այդ օրակարգ", - ամփոփել է Թունբերգը։