Արմինֆո. Ֆրանսիայի բնապահպանության նախարարը հրաժարվել է մասնակցել Բաքվում COP29 կլիմայի շուրջ բանակցություններին՝ այն բանից հետո, երբ այդ երկրի ավտորիտար առաջնորդը Ֆրանսիայի Հանրապետությանը մեղադրել է նոր Կալեդոնիայում գաղութատիրական "հանցագործությունների" համար՝ երկու երկրների միջև վերջին դիվանագիտական վեճի ընթացքում:
Ինչպես գրում է AFP-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ-ռազմատենչ, սկանդալային և քաղաքականացված ելույթը, որը Բաքվում հյուրընկալում է ՄԱԿ-ի Կլիմայի հարցով բանակցությունները (COP29), արժանացել է խաղաղօվկիանոսյան որոշ կղզի պետությունների պատվիրակների բուռն ծափահարություններին: Դրանում Ալիևը քննադատել է Փարիզին բողոքի ցույցերի համար, որոնք մայիսին ցնցեցին խաղաղօվկիանոսյան արշիպելագը, որը կառավարում է Ֆրանսիան։
"Ֆրանսիայի հանցագործությունները նրա, այսպես կոչված, անդրծովյան տարածքներում թերի կլինեին ՝ առանց մարդու իրավունքների վերջին խախտումների մասին հիշատակման։ Նախագահ (Էմանուել) Մակրոնի ռեժիմը սպանել է 13 մարդու և վիրավորել 169-ին ... Նոր Կալեդոնիայում կանակ ժողովրդի օրինական բողոքի ակցիաների ժամանակ", - հայտարարել է Ալիևը։
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանյե-Ռունաշերի արձագանքը, որը պետք է գլխավորեր Ֆրանսիայի պատվիրակությունը գագաթնաժողովում, իրեն սպասեցնել չի տվել: Նա Փարիզում օրենսդիրներին հայտարարել է, որ չեղարկում է մեկնումը բանակցությունների՝ ի նշան Ալիևի "ողբալի" ելույթի դեմ բողոքի:
Ընդ որում, Պանյե-Ռունաշերը նր0ա հարձակումը որակել է անընդունելի ... և COP-ի նախագահի արժանապատվությունից ցածր, հավելելով, որ դա նաև վարքագծի կանոնների աղաղակող խախտում էր՝ ՄԱԿ-ի Կլիմայի վերաբերյալ բանակցությունների ընթացքում:
Ֆրանսիացի նախարարը նաև քննադատել է Ալիևին հանածո վառելիքի վերաբերյալ նույնքան անընդունելի մեկնաբանությունների համար՝ այն բանից հետո, երբ նա իր երկրում նավթի և գազի հսկայական պաշարներն անվանել է "Աստծո պարգև":
Չնայած մասնակցությունից հրաժարվելուն՝ Պանյե-Ռունաշերը հայտարարել է, որ Բաքվում ֆրանսիացի բանակցողների թիմը չի թուլացնի մոլորակը եւ նրա բնակչությանը կլիմայի փոփոխությունից պաշտպանելու համար համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը:
Փարիզի և Բաքվի միջև հարաբերությունները շատ լարված են Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող վաղեմի աջակցության պատճառով, որին Ադրբեջանը ջախջախեց անցյալ տարի կայծակնային հարձակման ժամանակ՝ օկուպացնելով Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց ավելի քան 100 000 հայերի զանգվածային տեղահանության: