Արմինֆո. Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր Akash զենիթահրթիռային համալիրների առաջին մարտկոցը, որոնք արտադրում է Bharat Electronics Limited ընկերությունը: Այդ մասին հաղորդում է New Indian Expresso պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ Պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրության քարտուղար Սանջիվ Կումարը ազդանշան է տվել Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցի մատակարարման մասին՝ բարեկամ երկիր արտահանման համար:
"Այս իրադարձությունն արտացոլում է Հնդկաստանի աճող հնարավորությունները պաշտպանական տեխնոլոգիաների եւ արտադրության ոլորտում", - հայտարարել են Bharat Electronics Limited (BEL) ընկերությունում:
Նշվում է նաև, որ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, Akash հրթիռի արտահանվող տարբերակը կտարբերվի Հնդկաստանի զինված ուժերում ներառված համակարգից:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2022 թվականին Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր է ստորագրել 15 Akash հրթիռային համակարգ գնելու մասին և դարձել է առաջին օտար երկիրը, որը գնել է այդ հրթիռային համակարգը։
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանը հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդների եռյակում է՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին:
Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում մի քանի գործարք է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանային միջոցների, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսանելիության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանային արկերի լայն տեսականի ձեռք բերելու համար: Ընդ որում, Հայաստանը դարձել է հնդկական արտադրության Akash ԶՀՀ առաջին օտարերկրյա գնորդը։
2022 թվականի սեպտեմբերի վերջին Հայաստանը ստորագրել է ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր ՝ Հնդկաստանից սպառազինություն գնելու համար, ներառյալ հնդկական 214 մմ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և դրանց համար նախատեսված ռեակտիվ արկերը, անանուն հակատանկային հրթիռային համալիրներ և տարբեր զինամթերք։
Իսկ արդեն 2023 թվականի աշնանը Indian Defence Research Wing-ը հաղորդել էր, որ օգոստոսի սկզբին Հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող ATAGS 155 մմ հաուբից՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստան մատակարարել այդ տեսակի 90 հրետանային զենք։