ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս այժմ կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երևանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:
Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին:
Կոտայքի մարզով ավարտին հասցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ բոլոր մարզերում բջջային սարքերից 911 և 112 անվճար հեռախոսահամարներին ստացվող զանգերը վերահասցեավորվում են դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչի շնորհիվ մարզերում էականորեն կկրճատվի գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: