


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 53-ամյա Անի Մաջնունյանի դին
հայտնաբերվել էր օգոստոսի 5-ին` Երևանի Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում: Դիակի զննությամբ հայտնաբերվել էր դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, հագուստները՝ թափթփված։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ Դեպքի վայրից վերցվել էին փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։ Քննիչի մասնակցությամբ օգոստոսի 6-ին կատարվել էր դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել էր 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։ Անի Մաջնունյանը
մասնակցում էր «Վեցերորդ զգայարան» հեռուստահաղորդմանը:



