Արմինֆո. Իտալացի մի խումբ պատգամավորներ Իտալիայի կառավարությանը կոչ են արել պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի առջև հասնել տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի և ապահովել նրանց ազատ արձակումը, ովքեր դեռ գտնվում են ադրբեջանական բանտերում:
Ինչպես հաղորդում է Tempi-ն, իտալացի 38 օրենսդիրների անունից կառավարությանն ուղղված համատեղ նամակում նշվում է. "Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում տեղի կունենա կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի COP29 համաժողովը;
հաշվի առնելով, որ Իտալիան հիանալի առևտրային և քաղաքական հարաբերություններ ունի Բաքվի հետ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն է պահպանում էներգետիկ ոլորտում, ինչը մեզ դասում է Ադրբեջանի առաջին եվրոպական գործընկերների շարքում;
հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ կայունացումը, ուստի խրախուսվում են բոլոր գործողությունները, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մեծացմանը և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը;
նշելով, որ վերջին հակամարտություններից հետո 23 հայ ռազմագերիներ և այլ ձերբակալվածներ, որոնց ընտանիքները երկար ժամանակ սպասում էին տուն վերադառնալուն, դեռևս պահվում են Բաքվում;
հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կդառնա երկու երկրների հարաբերություններում և հետագա դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի համար;
ներքոստորագրյալ պատգամավորները և սենատորներն Իտալիայի Հանրապետության կառավարությանը խնդրում են բարձրացնել ադրբեջանցի գործընկերոջ իրազեկվածությունը, որպեսզի COP29 միջոցառման կապակցությամբ նա սկսի՝ որպես բարի կամքի դրսեւորում եւ ի նշան բարեկամության Իտալիայի հետ, բոլոր հայ գերիների և ձերբակալվածների ազատ արձակումը: Ավելին, խնդրում են հոգ տանել նրանց տուն վերադարձնելու մասին, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ, սեփական միջոցների հաշվին, և Հայաստանին ու Ադրբեջանին տեղեկացնել տարածաշրջանում վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու Իտալիայի հանձնառության մասին"։