Արմինֆո.«Ժողովրդավարական ուժերի հարթակն» ամփոփել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին ստորագրահավաքի արդյունքները: Նոյեմբերի 7-ին կայացած համաժողովի ընթացքում Eurovote -ի շտաբի ղեկավար, <Հանրապետություն> կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է փոխանցել 60 հազար ստորագրություն:
Միջոցառման բանախոսները կարևորել են Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ քաղաքակրթության, անվտանգության, տնտեսության և մի շարք այլ ասպեկտների տեսանկյունից: Արդյունքում՝ մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որով կոչ են անում իշխանություններին անհապաղ քննարկել և Ազգային ժողովում ընդունել Eurovote նախաձեռնող խմբի ներկայացրած օրինագիծը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության համար ստորագրահավաքը սկսվել էր այս տարվա սեպտեմբերին: Նշվել էր, որ եթե հավաքվի 50 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրություն, ապա, ՀՀ սահմանադրության համաձայն, հարցը կմտցվի Ազգային ժողովի օրակարգ։ Եթե այն չընդունվի, նախագիծը հանրաքվեի դնելու համար կպահանջվի 300 հազար ստորագրություն։ -