Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CDB) կողմերի հաջորդ համաժողովը (COP 17) հյուրընկալելու Հայաստանի որոշումը։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
"Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է Կալի քաղաքում COP 16-ի ժամանակ CDB-ի կողմերի քվեարկության ժամանակ ։ Ֆրանսիան մնում է Հայաստանի կողքին ՝ այս ապագա COP-ը հաջողակ դարձնելու համար ։ Այս կարևոր պահը վճռորոշ կլինի Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության վերաբերյալ գլոբալ շրջանակային համաձայնագրի իրականացման համար", - ընդգծվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։
Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը' նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։
Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կայանալու է Երևանում 2026 թվականին։
ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որոնք ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը: Կոնվենցիայի կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ և ստանձնում նոր պարտավորություններ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Համաժողովների աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հասարակական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական հանրության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: