


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Նարեկ Հակոբյանը նախօրեին դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ անցած տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի հետույքին ոտքով հարվածելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէր, քանի որ ես կանգնել եմ էդ ոստիկանի աջ կողմը, մի քանի մետր հեռու, և էդ հեռուն էլ նույնիսկ կարևոր չէ, քանի որ նրա ձախ կողմին է վնասվածք եղել։ Ես ինչքան էլ ուզեի, որ ոտքով էլ ուզեի, չէի կարողանա ձախ կողմից աջ կողմից վնասվածք հասցնել»,- ասել է Հակոբյանը։ Նարեկն առայժմ կմնա ազատության մեջ. մինչ դատավճիռը օրինական ուժի կմտնի, ակտիվիստը պատրաստվում է բողոքարկել որոշումը: «Մեղադրանքը հիմնված է եղել ամբողջովին կեղծ տեղեկությունների վրա հենց սկզբից», - հայտարարել է նա: Մեղադրանքի հիմքում բացառապես երեք ոստիկանների ցուցմունքներն են, իսկ ականատես ցուցարարների վկայությունները, թե Նարեկը ոստիկանին չի էլ դիպել, դատարանն արժանահավատ չի համարել, պնդելով, թե ակտիվիստները շահագրգռվածություն ունեն պաշտպանելու Նարեկին։
Նարեկ Հակոբյանը համոզված է, որ իր նկատմամբ կայացված դատավճռով դատարանը ոչ միայն իրեն, այլ նաև մյուս ակտիվիստներին է փորձում վախեցնել։ «Ես շատ հստակ եմ տեսնում էդ ուղերձը, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման ամենաակտիվ փուլում ենք, երբ ինչ-որ մեկին քրեական հոդվածով ազատազրկում են ցույցի մասնակցելու, ինչ-որ գործողություններ անելու համար, պարզ է, որ բարեկամները և այդ մարդիկ ինչ-որ ճնշվածություն կզգան իրենց վրա»,- ասում է Նարեկը։


