Արմինֆո.2024 թվականի հուլիսի 23-ից ի վեր ավելի քան 5200 հայեր և 108 երկրների միջազգային դաշնակիցներ ցուցաբերել են անսասան տոկունություն, ստեղծարարություն և նվիրվածություն Հայաստանի և հայերի պաշտպանությանը՝ ամեն օր հրապարակելով Բաքվում պահվող հայ պատանդներին ազատ արձակելու պահանջներ: Այդ մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր գրառումներ և հարյուր հազարավոր մեկնաբանություններ հեղեղել են սոցիալական ցանցերը՝ ուժեղացնելով այս կարևոր կոչը։
"Հայեր, դուք գլխավորել եք հանուն արդար COP29 գլոբալ շարժումը, որտեղ կլիմայի և մարդու իրավունքների հարցերը փոխկապակցված են և չեն կարող երկրորդ պլան մղվել։
Զանգվածային նախաձեռնությունների հետ մեկտեղ՝ ANCA-ի նման կազմակերպությունները սկսել են իրենց արշավները, իսկ ՀԲԸՄ նախագահը հանդես է եկել աջակցության հզոր հայտարարությամբ: Սենատորները, ինչպես նաև եվրոպական, գերմանական և ֆրանսիական խորհրդարանների անդամները հրապարակայնորեն պահանջել են ազատ արձակել հայ պատանդներին և քաղբանտարկյալներին: Ողջ աշխարհում զանգվածային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանել են մարդու իրավունքների խախտումներն ու լայնածավալ կոռուպցիան COP29 հյուրընկալող երկրում ՝ Ադրբեջանում: Գրետա Թունբերգը նույնպես միացել է այս գլոբալ շարժմանը", - նշել է Օկամպոն։
Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայ առաքելական եկեղեցին և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը սատարել են իրենց պահանջը ՝ կոչ անելով մասնակից եկեղեցիներին ամբողջ աշխարհում համակարգված աղոթքի իրականացնել կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, COP29-ի բացումից անմիջապես առաջ: Նախարարներ և դեսպաններ այնպիսի խոշոր քաղաքներից, ինչպիսիք են Վաշինգտոնը, Նյու Յորքը, Լոնդոնը, Բրյուսելը և եվրոպական այլ մայրաքաղաքներ, հրավիրվել են մասնակցելու:
"Նոյեմբերի 10-ին, հավաքվելով ձեր տեղական եկեղեցիներում, դուք ցույց կտաք ձեր ուժն ու միասնականությունը հավատքի մեջ՝ ի համերաշխություն հազարավոր հայերի հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում ՝ ապօրինի պատանդներ և քաղբանտարկյալներ պահելու դեմ պայքարում:
Տագնապալի է, որ, չնայած ավելի քան մեկդարյա պատմությանը, քիչ բան է փոխվել։ 1915 թվականին Հայոց ցեղասպանության առաջին քայլը սկսվեց հայկական էլիտայի ձերբակալություններով ու ոչնչացմամբ, մինչդեռ, համաշխարհային տերությունները, ինչպիսիք են Գերմանիան ու ԱՄՆ-ը, աչք էին փակում:
Հաջորդ շաբաթ քաղաքական եւ գործարար առաջնորդները կհավաքվեն Բաքվում կլիմայի փոփոխության հարցերը քննարկելու համար՝ բանտերից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ 23 հայ պատանդ է պահվում: Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչպես են այդ առաջնորդները արձագանքելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ շարունակվող միջազգային հանցագործություններին։ Մանրամասն զեկույցը կհրապարակվի միջոցառման ավարտին", - հայտարարել է Օկամպոն։
Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ չնայած պատանդների հնարավոր ազատ արձակման վերաբերյալ շարունակվող քննարկումներին, Ադրբեջանը շարունակում է հարձակումը մեր արշավի դեմ՝ միլիոններ ծախսելով ԶԼՄ-ներում շահարկումների, բոտերի և ապատեղեկատվության վրա:
"Դա միայն հաստատում է մեր աշխատանքի արդյունավետությունն ու ազդեցությունը։ Մենք շարունակելու ենք գնահատել իրավիճակը, նախանշել մեր հետագա քայլերը և հաստատակամ ենք մնալու հայերի իրավունքների և կյանքի պաշտպանության մեր հանձնառության մեջ: Սա, պարզապես, պայքար չէ հանուն արդարության, սա պայքար է հանուն քաղաքակրթության",-եզրափակել է նախկին դատախազը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են։ Ադրբեջանը հաստատում է 33 հայերի առկայությունը։ Ադրբեջանում գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: