Արմինֆո.Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել ու հաստատվել է, որ Է.Խ.-ն, 2011-2014 թվականներին հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի կազմակերպմամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, նշված ՍՊ ընկերության հաշվետվություններում և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ:
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Է.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Մեղադրյալներ Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում», - ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին դատախազությունը հաղորդել էր, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է հարուցվել: Նոր գործի շրջանակներում Մինասյանն անցնում է 76 դրվագով ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, հակամրցակցային գործունեություն ծավալելու, կաշառք տալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու, փողերի լվացման համար հանցավոր համագործակցություն ստեղծելու և տևական ժամանակ ղեկավարելու համար: Նշվում էր, որ Մինասյանը, օգտագործելով իր դիրքը, բաժնեմասեր է ձեռք բերել Հայաստանի տարածքում, ինչպես նաև արտերկրում գործող մի շարք ընկերություններում: Ընկերությունների հաշիվների շրջանառությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ օֆշորում կազմել է հարյուր միլիոնավոր դոլարներ ։ Մինասյանը նաև վերահսկողություն է հաստատել ՀՀ մի շարք ԶԼՄ-ների և հեռուստաընկերությունների նկատմամբ։
Ըստ մեղադրանքի՝ նախկին դեսպանին մեղսագրվում է Հայաստանի պետական ռադիոյի 600 մլն դրամի գույքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 18 մլրդ դրամի միջոցների հափշտակությունը, "Սպայկա" ընկերության 48% և "Շանթ" հեռուստաընկերության 48% բաժնետոմսերի ապօրինի ձեռքբերումը և այլն։ Մեկ այլ դրվագով Մինասյանը խոչընդոտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից տարածքում Մանվել Տեր-Առաքելյանի ("Հին Էրիվան Հոլդինգ" ընկերության սեփականատեր) կողմից սրճարանի կառուցմանը։ Այս բոլոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 350 մլն դոլարի վնաս։
Գործով անցնում է 13 անձ, որոնցից երեքը, այդ թվում ՝ Yerevan Mall-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը, DoubleTree by Hilton-ի սեփականատեր Տիգրան Եղոյանը, կալանավորված են:
Դեռևս 2020 թվականից Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, եկամուտների և գույքի հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: