Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կգտնվի նոյեմբերի 7-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը, ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպումը կանցկացվի ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:
"Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ոլորտում կատարված աշխատանքների մասին", - ասվում է հաղորդագրությունում:
Հանդիպման օրակարգում ընդգրկված են ԱՊՀ պետությունների համատեղ միջոցառումների մասին հարցեր՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման և հետխորհրդային տարածքում նեոնացիզմի դրսևորումների դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ տարածքում ավանդական հոգևոր-բարոյական արժեքների պահպանման մասին: Առանձին կքննարկվեն տեղեկատվական անվտանգության խնդիրները և Աֆղանստանի հետ փոխգործակցությունը։
"Հանդիպմանը կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարներ, ՌԴ - ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, ԱՊՀ եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդեւը եւ Իմանգալի Տասմագամբետովը, Մոլդովայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան", - ասվում է ՌԴ ԱԽ հաղորդագրությունում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդագրության մեջ շեշտը դրվում է միջոցառմանը ՀՀ դեսպանի մասնակցության վրա, կարելի է ենթադրել, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա: