Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող՝ լավագույն ֆինանսական կազմակերպությունների ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով, Արդշինբանկը ճանաչվել է կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայի առաջատար։ Հիշեցնենք, որ լավագույն դիլերը ընտրվում է AMX-ի անդամ հանդիսացող Հայաստանի բանկերի և ներդրումային կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա։
Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «2024 թվականի մրցանակաբաշխությունը ցույց տվեց Հայաստանի կապիտալի շուկայի աճող դինամիկան և մասնակիցների՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությունը։ Մրցանակակիրների հաջողությունները նպաստում են Հայաստանի ֆինանսական շուկայի հանդեպ տեղական և միջազգային ներդրողների վստահության ամրապնդմանը»։
Արդշինբանկը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ օբյեկտիվ գնահատականի համար՝ նշելով, որ այս մրցանակը բանկի աշխատակիցների և հաճախորդների նվաճումն է։ Բանկը նաև վստահեցրել է, որ շարունակելու է ընդլայնել իր ներդրումային բիզնեսը՝ նպատակ ունենալով ձևավորել զարգացած կապիտալի շուկա, ապահովել հաճախորդների բարեկեցությունը և Հայաստանի տնտեսության ընդհանուր բարօրությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես Եվրոպայի տարվա գործարք։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: