Արմինֆո. Չկան հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններ, կա Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի միակողմանի պահանջների բավարարման գործընթաց։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այսօրվա հայտարարությունն այդպես է մեկնաբանել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ Ֆիդանն այսօր հայտարարել է, թե միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները: "Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռք բերումը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր", - հավելել է թուրք նախարարը:
Վարդանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հերթական սպառնալիքը, որի մասին պարբերաբար խոսում էր ընդդիմությունը, այսօր հաստատվել է Թուրքիայի արտգործնախարարի շուրթերով։ Պատգամավորը նշել է, որ, փաստորեն, այդ հայտարարությամբ Ֆիդանը հաստատել է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են նախապայմաններով, որոնք, ինչպես ցույց է տալիս ժամանակը, ընդունելի են նրանց համար, ովքեր այսօր ներկայացնում են Հայաստանը:
"Ես, որպես Ադրբեջանի հետ քննարկվող համաձայնագրի նախագծին ծանոթ ԱԺ պատգամավոր, ընդամենն իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ չկա խաղաղության համաձայնագիր, չկա բանակցային գործընթաց ։ Ընթանում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների միակողմանի բավարարման գործընթաց։ Նա, ով հակառակն է պնդում, պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչի՞ց է հրաժարվում Ադրբեջանը",- հարցրել է պատգամավորը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ "խաղաղություն" բառն այդ համաձայնագրի անվանման մեջ հայտնվել է բացառապես հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու և Իլհամ Ալիևի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար: