Արմինֆո.Մոսկվան ողջունում է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված էական առաջընթացը։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է "Ռոսիա սեգոդնյա" միջազգային լրատվական գործակալությանը հարցազրույցում ՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու Հայաստանին և Ադրբեջանին դեռևս չի հաջողվում կոնսենսուս գտնել խաղաղության պայմանագրի շուրջ:
Նրա խոսքով, հաշվի առնելով բազմամյա թշնամանքը, ռազմական գործողությունները, երկու կողմերի զոհերը, Մոսկվայում հասկանում են, թե որքան բարդ է Բաքվի եւ Երեւանի համար կարգավորման հարցում առաջընթաց գրանցելը:
Լավրովը վստահ է, որ այդ ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, այլև՝ ժամանակ:
"Այդ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, գործընկերներին չենք դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել։ Համոզված ենք, որ վաղահաս խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև գետնի վրա առկա իրողությունների համալիր հաշվառման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, լարվածության և հակամարտության հնարավոր էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր կստեղծի ։ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ և կայունությամբ", - հավելել է նա ։