Արմինֆո. ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ ԱԳՆ առաջնահերթ խնդիրների ցանկում չէ:
"Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա, ինչպես կարող եք ենթադրել այն բանից, որ ես այդ հարցին չեմ անդրադարձել մեր առաջնահերթությունները թվարկելիս, դա մեր առաջնահերթ խնդիրը չէ: Մեր պատմության ողբերգական էջերն ուսումնասիրելու, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու կամ հարցը թիվ 1 առաջնահերթություն դարձնելու հարցը, միանշանակ, Հայաստանի ԱԳՆ օրակարգը չէ", - հոկտեմբերի 31-ին խորհրդարանում ասել էր Միրզոյանը ։ Առաջնահերթ խնդիրների ցանկում, ըստ նրա, Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն է, սահմանազատման իրականացումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը:
"Խոսքը առաջնահերթությունների մասին էր, բայց այլ տեսանկյունից մենք մի շարք քայլեր ենք ձեռնարկում, օրինակ՝ ցեղասպանության կանխարգելման առումով", - լրագրողների հետ զրույցում ասել է Պարույր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ համաժողով, որը բավականին հավակնոտ ծրագիր ունի: "Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ կարևոր հարցերից մեկը։ Խոսքը առաջնահերթության մասին էր", - եզրափակել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելու հարցը Անկարայի նախապայմաններից մեկն է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման համար: