Արմինֆո. Լոռիի պատկանելության մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության համար հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու փորձ է: Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանն այդպես է մեկնաբանել Վրաստանի նախագահի հայտարարություններն այն մասին, թե՝ Լոռին "իրականում վրացական տարածք է":
«Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագետի թագավորություն) պատկանելության խնդիրը մշտապես զգայուն թեմա է եղել հայ-վրացական հարաբերություներում, դա նորություն չի: Բայց դա եղել է ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ հարաբերությունների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ:
Այսինքն՝ հարցը եղել է հայ և վրացի պատմաբանների, կրոնական-եկեղեցական շրջանակաների, հասարակական- քաղաքական և մշակույթի գործիչների տիրույթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տերմինաբանությամբ՝ Լոռեն) իրենցն է եղել, և Ստալինը 1921 թ. Կովբյուրոյի պլենար նիստերի ընացքում դավաճանությամբ հանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակետն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագետի թագավորությունը) եղել է հայկական և հայապատկան:
Վրաստանի նախագահը ինչու՞ է հանկարծ որոշել նախագահից վերածվել ինչ-որ տուրիստական ընկերության գովազդը տարածողի (աբսուրդ !!!)՝ զուգահեռ «հրահերով հին վերքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերն են):
Նախագահը թվարկում է քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և սրտամռունչ կերպով հայտարարում. «Պատմական Վրաստան!!! Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Նպատակը ենադրելի է. Վրաստանի ընդդիմադիր և Արմուտքի խամաճիկի վերածված նախագահը՝
1. վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար,
2. ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ քննարկման թեմա հանդիսացող «հին վերքերը» փորձում է սարքել պաշտոնական՝ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ վեճի առարկա և ստոր խառնակչությամբ, չբավարարվելով Վրաստանի ներսում լարվածության և առճակատում նախապատրաստելու փորձերից, նույնքան անհաջող կերպով փորձում է այդ լարվածությունը «արտահանել» ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերություններ:
Վերոնշյալը թույլ չտալու համար անհրաժեշտ է նշված հայտարարությունը պարզապես դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած և իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնաչկություն, արևմտյան գործակալական ցանցը համակարգող մեկի կարապի երգ», - գրել է դաշնակցականը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: