Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խնդրանքով և առաջարկով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը ("Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների պատգամավորներ) դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը որոշելու նպատակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։
Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։ Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ», - գրել է Ստեփանյանը։